Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Մարտահրավեր

Մարտահրավեր Սոֆիից

 

Նախաբան

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ  մարդիկ կան: 

Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10–12 (16–17) տարի: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը, բանջարեղենը: Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում: Կան նաև թափառող շներ:

Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում: Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում:

Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովվաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները: Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են: Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում: Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»: Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից:

Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին:

Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է: Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին: Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը:

Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ: Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են XVII դարում  Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում:

Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, դոբերման-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն:

Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները: Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան: Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները): Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից:

Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է: Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է: Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս: Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերը:

Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով: Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը:

Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ: Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում: Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»: Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»):

Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները: Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել: Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է: Նրա զանգվածը մինչև 3կգ է: Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու: 

Այժմ շներին նոր «մասնագիտություններ» են սովորեցնում: Հովվաշները ծառայում են որպես «գազի տեսուչներ»: Գազի նվազագույն հոսքն անգամ շունը կարող է զգալ. հարկավոր է միայն նրան «բացատրել», թե ինչպես դա հասկացնի: Կան նաև հանքաքար որոնող շներ, որոնցից են հովվաշները, ֆոքստերիերները և սպանիելները: Հապա տիեզերական թռիչքնե՞րը: Տիեզերքում արդեն «հյուրընկալվել են» մի քանի շներ (առաջինը` Լայկան):

Շնաբուծությունն ունի նաև տնտեսական զգալի նշանակություն: Փորձառու որսորդների և շնասերների կողքին հազարավոր պատանիներ սիրով խնամում, դաստիարակում ու վարժեցնում են իրենց չորքոտանի սաներին:

Տեղեկություն շների մասին

Ընտանի շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ 

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում[2]։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ 

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում

տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

Առաջացման պատմություն

Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել`   սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը: Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց: Յութայում`   Վտանգի քարանձավում 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում: Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում:

Շների ցեղեր

Շների ցեղերը պատահականորեն չեն ձևավորվել, դրանք բնության քմահաճույքը չեն։ Այդ ցեղերն ստեղծել է մարդը՝ երկար և հետևողական աշխատանքի արդյունքում, որը հաճախ մի քանի սերունդ հետո է երևացել։ Ցեղերը կայուն, անփոփոխ չեն, սակայն նոր ցեղի ստեղծումը հիմա հազվադեպ երևույթ է։ Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։ Ահա դրանցից մի քանիսը`

դանիական դոգ

իռլանդական գելխեղդ

դալմատին

գաճաճ շպից

էրդելտերյեր

կոշտամազ տակսա

լհասա ապսո

Հասկի




Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s