Posted in Առցանց ուսուցում, Բնագիտություն

Տեղեկություն լոլիկի մասին

Լոլիկի օգուտն ու հատկությունները

Լոլիկի առողջարար հատկություններն ընդգրկում են լավ տեսողությունը, աղիների առողջությունը, նորմալ ճնշումը, շաքարախտի բուժումը, մաշկային խնդիրներից ազատվելը և ինֆեկցիաների դեմ պայքարելը: Լոլիկը, որը համարվում է և՛ միրգ, և՛ բանջարեղեն, աշխարհի բոլոր խոհանոցների անբաժանելի մասն է կազմում:

Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Լոլիկը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ունի պաշտպանական մեխանիզմ սրտանոթային հիվանդությունների դեմ: Նաև տոմատի մածուկը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում: Խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո): Սակայն պետք է բացառել մարինացված ու աղը դրած վարունգը: Ընդունել երկու շաբաթ, ապա 10-օրյա դադար տալ ու կրկնել 2-շաբաթյա բուժումը: Սա`   ստամոքսի խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ լյարդի ու լեղաքարային հիվանդությունների դեպքում բարերար է ազդում հետևյալ միջոցը. 200 գ հասուն շոգեխաշած դդումը պատառաքաղով տրորել, ավելացնել մի փոքր կարագ ու խառնել: Ապա ստացված զանգվածին ավելացնել թարմ տոմատի հյութ: Խառնել, ընդունել ուտելուց կես ժամ հետո, օրական 2 անգամ, մեկ շաբաթ: Որից հետո մեկ շաբաթ ընդմիջում տալ, ապա կրկնել. ընդունել 6 շաբաթ`   շաբաթական ընդմիջումով:

Սիրտանոթային համակարգի բուժումը լոլիկներով

Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ`   նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե°վ թարմ, և° ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:

 Այրվածքների ու վերքերի բուժումը լոլիկով

Լոլիկը քերծվածքներն ու պատռվածքները բուժելու արդյունավետ միջոց է: Բավական է վնասված տեղին կիսած լոլիկ դնել կամ էլ լոլիկի թարմ հյութ լցնել: Տոմատի հյութն ունի մանրէասպան ու հակաբորբոքային ազդեցություն: Այրվածքների դեպքում կես բաժակ տոմատի հյութը խառնել ձվի սպիտակուցի հետ և անմիջապես լցնել այրվածքի վրա: Իսկ վրայից թանզիֆով ծածկել, որ և ցավը նվազի, և մաշկի վերականգնողական պրոցեսն արագանա:

Լոլիկի բաղադրությունը

Լոլիկի պտուղները տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ, գույնով, լինում են կարմիր կամ դեղին: Պարունակում են շաքար, հանքային աղեր, պեկտինանյութեր, ալկալոիդներ, կարոտին, կալիում ու մեծ քանակությամբ B, P վիտամիններ, բջջանյութ, խնձորաթթու, կիտրոնաթթու և ասկորբինաթթու: Վերջինն անգամ պահածոյացնելիս մեծ քանակությամբ պահպանվում է, իսկ ընդհանուր պարունակությունն այնքան է, որքան մանդարինի ու կիտրոնի մեջ: Սննդանյութերի պարունակության շնորհիվ լոլիկը փրկում է պոլիվիտամինոզից ու օժտված է բուժիչ բարձր հատկություններով:

Հակացուցումներ

Լոլիկը չպետք է չարաշահեն լեղաքարային հիվանդություններ ունեցողները, քանի որ այն օժտված է ուժեղ լեղամուղ հատկությամբ, կարող է քարերի դուրսմղման պատճառ լինել: Չարժի ռիսկի դիմել, երբ չգիտեք լեղաքարերի չափսերը, քանի որ դրանք պարզապես կարող են խցանել լեղուղիները: Բացի դրանից, եթե դրանք օքսալատային կամ ֆոսֆատային քարեր են, կարող են մեծանալ: Արյան բարձր ճնշում ու սիրտանոթային և երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մարինացված կամ էլ պահածոյացված ու աղը դրած լոլիկ օգտագործել: Ապուրում եփած լոլիկը կամ նույնիսկ պահածոյացված լոլիկը նպաստում է միզապարկում ու երիկամներում քարերի առաջացմանը: Լոլիկը պետք է զգուշությամբ օգտագործեն բոլոր այն մարդիկ, ովքեր վերը նշված խնդիրներն ունեն: Քարերը միանգամից չեն առաջանում, դրա համար ամիսներ ու տարիներ են հարկավոր: Ուստի չզարմանաք, երբ պարզվի, որ քար ունեք: Մի բան էլ հիշեք. լոլիկն ու հացը, միսն ու ձուն անհամատեղելի են: Այս մթերքներն ընդունելիս ընդմիջում արեք:

Տոմատի հյութ

Պետք է խմել միայն սնունդ ընդունելուց կես ժամ հետո: Այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում ու օգտակար է կոսմետոլոգիական առումով: Բայց ճիշտ կլինի այն պատրաստել տանը, քանի որ խանութի հյութի մեջ նաև քացախ կա:

Լոլիկը դիմահարդարման մեջ

Լոլիկի այդ հատկությունները հայտնաբերել են եվրոպացիները, որոնք սկսեցին դրանք կիրառել դիմակների, քսուքների ու լոսյոնների մեջ: Լոլիկի մեջ պարունակվող սննդանյութերը հիանալի թարմացնում են մաշկը, դարձնում ողորկ ու վերականգնում առաձգականությունը, մաշկին առողջ գույն հաղորդում: Ընդ որում, լոլիկը կարելի է կիրառել բոլոր տեսակների մաշկի համար: Ամենապարզ ձևը բամբակե խծուծով մաքուր մաշկին տոմատի հյութ քսելն է: 12-20 րոպեից դեմքը լվանալ գոլ ջրով: Խանութից գնած հյութն այդ նպատակի համար պիտանի չէ, քանի որ դրա բաղադրության մեջ քացախ կա, որը կարող է գրգռել մաշկը: Տոմատի հյութ կարելի է ինքնուրույն պատրաստել. հասուն լոլիկները ճզմել, ավելացնել հացի փշուր կամ ցորենի ալյուր: Չոր ու նորմալ մաշկի համար օգտակար է կաթնաշոռով դիմակը: 2 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ տոմատ ու մի փոքր աղ, 1 ճաշի գդալ չզտված ձեթ, ապա խնամքով խառնել ու օգտագործել: Այս դիմակը սնուցում է մաշկն ու թարմ և առողջ գույն հաղորդում:

Որքան լոլիկ կարելի է ուտել

Լոլիկը ցածրկալորիական է, ու այն համարձակ կերպով կարելի է դիետիկ սննդակարգի մեջ ներառել, իհարկե, եթե չկան հակացուցումներ: Հանքային ու վիտամինային բաղադրության շնորհիվ լոլիկը գերազանց միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարում: Քաշը գցելուն օգնում են կալիումական աղերը, որոնք նվազեցնում են հյուսվածքներում հեղուկը պահելու հատկությունը: Օգտակար է միայն լոլիկով բեռնաթափման օրեր սահմանելը: Լոլիկը բազմաթիվ ուտեստների բաղադրիչ է`   կետչուփ, աղցան, ապուր, խյուս: Լոլիկը տապակում են, խորովում, խաշում, նույնիսկ`   չորացնում:

Լոլիկը Հակաօքսիդանտների մեծ աղբյուր է

Լոլիկը պարունակում է լիկոպին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալները: Հետազոտությունները պարզել են, որ լիկոպինը պայքարում է շագանակագեղձի, ուղիղ աղիի, ստամոքսի, արգանդի վզիկի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի դեմ: Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների՝ այս հակաօքսիդանտը պաշտպանում է նաև կրծքի և բերանի քաղցկեղից:

Վիտամինների և հանքանյութերի աղբյուր

Մեկ լոլիկը պարունակում է 40% վիտամին C, որը բնական հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ: Լոլիկը պարունակում է նաև վիտամին A, կալիում և երկաթ: Կալիումը շատ կարևոր հանքանյութ է, որն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը, իսկ երկաթը կարևոր է արյան նորմալ շրջանառության համար: Լոլիկի մեջ առկա վիտամին K-ն արյունահոսությունների ժամանակ նպաստում է արյան արագ մակարդվելուն:

Հետաքրքիր փաստեր լոլիկի մասին

Հետաքրքիր է, որ առավել օգտակար է սննդում օգտագործել լոլիկի հյութը, որը շատ սննդարար է: Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է վիտամիններով, հատկապես А և С: Լոլիկի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աչքերի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը, ատամներն ու ոսկրերը։ Լոլիկը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ: Այն օրգանիզմից  դուրս է բերում տոքսինները, խթանում է աղիների աշխատանքը: Լոլիկի հյութի պարբերաբար օգտագործումը նպաստում է մարսողության բարելավմանը, պայքարում փորկապության դեմ:
Լոլիկն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից, քանի որ օրգանիզմն ապահովում է ջրի անհրաժեշտ քանակությամբ, առաջացնում է արագ հագեցվածության զգացում: Այն նաև կարգավորում է նյութափոխանակությունը: Լոլիկը հարուստ է В6 վիտամինով, ինչի շնորհիվ նրա հյութը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից է: Լոլիկը նպաստում է արդյունավետ արևայրուքին: Մաշկին քսված լոլիկի հյութը նպաստում է մաշկի թարմացմանը, նույնիսկ փակում է ծակոտիները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s