Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցարան

Փոքրիկ իշխանը. թեստային առաջադրանք

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղղայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչել են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Եղբայր
Հարյուր
Պատմվածք
Հեքիաթ

 
2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել ✓
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

 

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ գեղեցիկ              սիրուն
բ/ շատ                      բազմաթիվ
գ/կախարդական    դյութիչ, մոգական
դ/ մեծ            խոշոր, հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ ✓

դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան ✓

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական ✓

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

7. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

Հասկանալ                  հասկանում ենք

Ճանաչել                   ճանաչել են

Հիշել                հիշում եմ

Վախենալ          վախենում եմ

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
ենթակա   Իշխանիկը

ստորոգյալ   ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

Քանի՞ տարեկան է նա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
Ես ամենևին էլ չեմ ուզում, իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:

11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
Մեծահասակները թվեր են սիրում։

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

«Քանի՞ տարեկան է նա: 

Քանի՞ եղբայր ունի:

Քաշն ինչքա՞ն է:

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր ✓

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում✓

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները:

Չարժե նրանցից նեղանալ:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s